11:56, 5 նոյեմբերի, 2014Մոտ 10 մետր բարձրության վրա՝ եկեղեցու կամարների ներքո, սրբապատկերներ վրձնող անձնավորության ով լինելը պարզվում է, երբ նա սկսում է զգուշորեն իջնել աստիճաններով՝ ընթացքում ուղղելով ջեմպրի (առանց կոճակների և առանց օձիքի հյուսածո շապիկ- հեղ.) տարուբերվող փեշերը:
Պարզվում է, ոչ թե նկարչի, այլ նկարչուհու հետ է հանդիպումը: Գյումրեցի գեղանկարիչ Ժակլին Սարգսյանը խոստովանում է, որ երբեւէ մտքով չի անցել, թե մի օր առաջարկ կստանա սրբապատկերներ նկարելու:
«Դա իմ ոճը չէ՝ նկատի ունեմ եկեղեցական կանոններով արվող նկարները, բացի այդ էլ՝ երբեք չեմ լսել, որ կին նկարիչը զբաղվի եկեղեցիներում սրբապատկերներ նկարելով, դրա համար էլ, երբ առաջարկ եղավ եկեղեցին նորոգող բարերարից, նախ անակնկալի եկա, հետո համաձայնվեցի»,- պատմում է Ժակլինը:
Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1881 թ.-ին: Պատկանում է կենտրոնագմբեթ եկեղեցիների դասին: Անաստվածության տարիներին ծառայել է որպես պահեստ: Երկրաշարժի ժամանակ (հավանաբար1926 թ.-ի Լենինականի երկրաշարժի- հեղ.) եկեղեցու գմբեթը վնասվել է: Գյուղացիները անվտանգության նկատառումով գմբեթը քանդել են՝ փոխարինելով այն փայտե ծածկով:
Նորոգչական աշխատանքներն եկեղեցում սկսվել են տասը տարի առաջ: Բարերար Սոս Անդրեասյանն, ում աջակցությամբ նախ կառուցվել է եկեղեցու գմբեթը, ծնունդով Հայրենյաց գյուղից է: Նրա միջոցներով են կատարվում նաեւ ներքին հարդարման աշխատանքները: Դրանք ամբողջությամբ ավարտված չեն: Եկեղեցում աշխատող շինարար երիտասարդները պատմեցին, որ առաջադրանք են ունեցել պատերն ու սյուները մաքրել սվաղից: Խորհրդային տարիներին պահեստի վերածված եկեղեցու պատերը գաջապատել են՝ նպատակ ունենալով թաքցնել քարերի վրա փորագրված խաչերը:
Ամեն հինգշաբթի սուրբ Աստվածածին եկեղեցում գյուղացիները երեկոյան ժամերգության են մասնակցում: Հայրենյացի հոգեւոր հովիվ տեր Եղիշե քահանա Նազարյանն ասում է, որ ինչ սկսվել է նորոգվել եկեղեցին, գյուղացիներն իրենց կնունքն ու պսակն այստեղ են կատարում:
Նախքան եկեղեցում աշխատանքները սկսելը Ժակլինը խորհրդակցել է առավել փորձառու նկարիչների հետ: Նրան խորհուրդ են տվել պատկերները թղթից տպել պատին ու գույներով աշխատել, սակայն նկարչուհին որոշել է նման մոտեցում ցույց չտալ, թեկուզ դժվար, սակայն փորձել է շատ չհեռանալով՝ շունչ հաղորդել նկարներին:
«Ուզեցի որպես նկարիչ իմ դրոշմը, իմ հոգու մասնիկը թողնել այս եկեղեցում, չուզեցի գնալ տրաֆարետային ճանապարհով, որքան էլ որ դժվար լիներ իմ համար դա, չուզեցի հեշտացնել առաջադրանքս,- խոստովանում է նկարչուհին,- համարում եմ, որ ոչինչ պատահական չի լինում, եւ ամեն մեկին չի տրված եկեղեցում նկարել: Ես մեծ ցանկություն եմ ունեցել, գուցե դրա համար էլ այս առաջարկը հենց ինձ արվեց»:
|
|
|



